Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն անցկացրել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում` գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ թե՛ դեպքերի հայտնաբերման, թե՛ բուժման, թե՛ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ուղղությամբ:
«Մենք ուսումնասիրել ենք մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման յուրաքանչյուր դեպք, վերլուծել դրանք ու վերհանել այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատենք: Տարիներ շարունակ պահպանում ենք ՄԻԱՎ վարակի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ցուցանիշն ու հավաստագիրը»,-ասել է Լենա Նանուշյանը՝ ընդգծելով, որ այս քննարկումն էլ նպատակ ունի շահագրգիռ կողմերի հետ ևս մեկ անգամ նախանշելու առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ համատեղ ջանքերը:
ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Սպարտակ Պետրոսյանը հավելել է, որ կենտրոնը բացի ծրագրերն իրականացնելուց, ինչպես հանրության, այնպես էլ բուժաշխատողների շրջանում իրազեկման աշխատանքներ է կազմակերպում:
«Մենք պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում տարբեր բժիշկների հետ, կատարում վերապատրաստումներ ՄԻԱՎ վարակի, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվող բուժօգնության վերաբերյալ: Առաջիկայում նախատեսում ենք ակտիվ աշխատանքներ ապագա բժիշկների հետ: Ցանկանում ենք ապագայում ունենալ այնպիսի բժշկական հանրություն, որը տեղեկացված կլինի՝ ինչ է ՄԻԱՎ վարակը, ինչպես ենք պայքարում դրա դեմ և ինչ ենք անում, որ հասնենք ԱՀԿ նախանշված ցուցանիշներին 2030 թվականին»:
Հեռավար ձևաչափով հանդիպմանը միացել և ելույթով հանդես է եկել նաև ԱՀԿ ներկայացուցիչ Վյաչեսլավ Գրանկովը:
Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են ՄԻԱՎ-ի վիճակագրությունը, համաճարակաբանական իրավիճակը, ՄԻԱՎ ունեցող հղիներին տրամադրվող բուժօգնության ծավալներն ու ԻՀԱԿ ծրագրերը: