Դիմել մեզ

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը՝ ԱՆ-ում կայացած մամուլի ասուլիսին

28.07.2023
ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը՝ ԱՆ-ում կայացած մամուլի ասուլիսին

Առողջապահության նախարարությունում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն անդրադարձել են հիվանդության կանխարգելմանը և բուժման պետական ծրագրերին` ևս մեկ անգամ կարևորելով պատվաստումների անհրաժեշտությունն ու արդյունավետությունը։

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն իր խոսքում անդրադարձել է վիրուսային հեպատիտների բուժման ծրագրերին, հիշեցրել, որ հեպատիտ Ց-ի դեղորայքը տրամադրվում է անվճար, իսկ վերջին մոտ մեկ ամսում ԻՀԱԿ-ում անվճար են
անցկացվում նաև հեպատիտ Ց-ի որակական ՊՇՌ-ն, որը հիվանդության վերջնական ախտորոշման հետազոտություն է:

ԻՀԱԿ տնօրենն ընդգծել է, որ վերջին փոփոխությունը մեծապես նպաստում է այցելությունների թվի ավելացմանն ու հետագա բուժման ընթացքի կազմակերպմանը:

Նա անդրադարձել է նաև ուղեցույցների վերանայմանը` նշելով, որ գործընթացն իրականացվում է ԱՀԿ փորձագետների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ընտրելու և մեր երկրում ներդնելու ճիշտ ու ամենաժամանակակից մոտեցումները։

ԻՀԱԿ տնօրենը հիշեցրել է, որ վիրուսային հեպատիտների և ՄԻԱՎ-ի համար հետազոտությունները կարող են անցնել ինչպես առողջության պահպանման առաջնային օղակներում, այնպես էլ կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում, որոնք պարբերաբար հետազոտություններ են անցկացնում մարզերում`այդպիսով առավել հասանելի բուժսպասարկում տրամադրելով: