ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը դեկտեմբերի 7-8-ը գործուղմամբ գտնվել է ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Ռոսպոտրեբնադզորի կազմակերպած 4-րդ միջազգային գիտագործնական համաժողովին։ Հայաստանյան պատվիրակության կազմում է եղել նաև ՀՎԿԱԿ ռեֆերենս լաբորատորիայի գիտական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Գայանե Մելիք֊Անդրեասյանը։
«Կորոնավիրուսային համաճարակը և դրա դասերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում» խորագրով գիտագործնական համաժողովն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում։
Համաժողովը նպատակ ունի ամրապնդելու կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, մեծացնելու երկրների՝ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ազգային ներուժը, զարգացնելու ոլորտի գիտական համագործակցությունները։
Ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցների ուսումնասիրության առանցքում են եղել համաճարակի դեմ պայքարում ախտորոշման և համաճարակաբանական մեթոդների կիրառման փորձը, բնակչության առողջապահական իրազեկվածության դերը համաճարակային իրավիճակներում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքելիս կազմակերպչական և կառավարման որոշումներ կայացնելու փորձը։