Նախորդ շաբաթ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայում հյուրընկալվել էին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի դեկան, «ՄԻԱՎ վարակի կանխարգելման հոգեբանական հիմունքները» մենագրության հեղինակ Ալլա Վադիմի Շաբոլտասը և ՁԻԱՀ-ի և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման Սանկտ Պետերբուգի դաշնային կենտրոնի բժշկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Պոլինա Վլադիմիրի Սաֆոնովան:
«Խարանն ու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդեպ» խորագիրը կրող դասընթացին հրավիրյալ մասնագետները կենտրոնի, քրեակատարողական հիմնարկների, մի շարք այլ բուժհաստատությունների անձնակազմերի համար դասախոսություններ ներկայացրին մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են`
ՄԻԱՎ-ով ապրող անձանց ռիսկային վարքագիծը` որպես հոգեբանության հետազոտության առարկա,
ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքի միջազգային փորձը,
ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդեպ խարանն ու խտրականությունը հասարակությունում. պատճառահետևանքային կապեր,
ՄԻԱՎ վարակի բուժման և կանխարգելման կենսաբժշկական և հոգեբանական ասպեկտները:
Տեսական մասի ավարտից հետո դասընթացի մասնակիցները ՄԻԱՎ-ով ապրող անձանց հետ հաղորդակցության բարելավման պրակտիկ վարժանքներ կատարեցին: Միջոցառումն ամփոփվեց հարցուպատասխանով: Մասնակիցները կստանան 3 տեսական ՇՄԶ:
ԻՀԱԿ-ը հավատարիմ է իր սկզբունքին` կազմակերպելու պարբերական վերապատրաստումներ իր մասնագետների համար, հնարավորություն տալու փորձի և գիտելիքների փոխանակման:
Նմանատիպ համագործակցությունները մեր կենտրոնում կրելու են շարունակական բնույթ: