Դիմել մեզ

ԻՀԱԿ-ը հունիսի 1-ի առթիվ երեխաների համար դասընթաց է անցկացրել

01.06.2023
ԻՀԱԿ-ը հունիսի 1-ի առթիվ երեխաների համար դասընթաց է անցկացրել

ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ։

Պատահական չէ, որ հաճախ կրկնում ենք, թե երեխաները երկրի ապագան են։ Սա ևս մեկ հիշեցում է, որ նրանց իրավունքների պաշտպանությունն ու բարեկեցիկ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ է ոչ միայն փոքրիկների, այլև մեզնից յուրաքանչյուրի համար։ Չէ՞ որ առողջ հասարակությունում մեծացող փոքրիկը վաղվա օրվա լավ մասնագետն ու հայրենիքը շենացնողն է։

Սիրելի՛ երեխաներ,

ցանկանում ենք, որ մեծանաք հզոր հայրենիքում, ունենաք խաղաղ մանկություն ու պատանեկություն, ստանաք որակյալ կրթություն։

Թո՛ղ ձեր իրավունքների պաշտպանությունը չառնչվի տարվա որևէ կոնկրետ օրվա կամ ժամանակահատվածի։

ԻՀԱԿ-ում բուժում ստացող փոքրիկներ,

արագ ապաքինվեք ու մյուս բոլոր տոնական օրերն անցկացրեք կենտրոնից դուրս։

ԻՀԱԿ-ն առողջ սերունդներ դաստիարակելու համար կարևորում է երեխաների դերը, նրանց տեղեկացվածությունն ու իրավագիտակցությունը։

Ցանկանալով սեփական փոքրիկ լուման ներդնել երեխաների իրազեկվածության բարձրացման մեջ՝ ԻՀԱԿ-ը հունիսի 1-ին ընդառաջ կազմակերպել էր «Մաքուր ձեռքեր» խորագրով դասընթաց։

Մեր մասնագետը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի քանի տասնյակ աշակերտների ներկայացրեց ձեռքերի հիգիենայի կանոնները,  դրանց պահպանման կարևորությունն ու անհրաժեշտ քայլերը, ինչին հաջորդեցին հարցուպատասխան ու խաղ։

Աշակերտները նաև մասնակցության վերաբերյալ հավաստագրեր ստացան։

Շնորհակալություն ենք հայտնում կրթահամալիրին՝ համագործակցության համար, իսկ աշակերտներին՝ այդքան հարցասեր ու խորագետ լինելու համար։

Ուրախ ենք, որ մեր երկրում մեծանում են այդպիսի երեխաներ։