Դիմել մեզ

Ի՞նչ է ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումը

27.06.2022
Ի՞նչ է ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումը

ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելումը ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով հակառետրովիրուսային դեղերի (ՀՌՎ) օգտագործումն է ՄԻԱՎ բացասական կարգավիճակով անձի կողմից, ով ունեցել է ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ:

Հետկոնտակտային կանխարգելման միջոցառումները ներառում են առաջին օգնություն, խորհրդատվություն և վարակման վտանգի գնահատում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացում և, կախված վարակման վտանգի աստիճանից, ՀՌՎ բուժման կարճատև կուրսի տրամադրում, հետագա դիսպանսերային հսկողություն և հոգեբանական աջակցություն: Հետկոնտակտային կանխարգելման դեպքում ՀՌՎ դեղերի ընդունումը տևում է 4 շաբաթ:

Ե՞րբ և ո՞ր դեպքերում է այն կիրառվում

Հետկոնտակտային կանխարգելումը կիրառվում է ՄԻԱՎ-ի հետ մասնագիտական (մասնագիտական պարտականություններ կատարելու ժամանակ) և ոչ մասնագիտական շփման ենթարկված անձանց, որոնք կոնտակտ են ունեցել ՄԻԱՎ վարակով անձի մարմնի պոտենցիալ վտանգավոր կենսահեղուկների հետ՝ հեշտոցի, ուղիղ աղիքի, աչքի, բերանի և այլ լորձաթաղանթների ու վնասված կամ ծակած մաշկի հետ շփման դեպքում, և այստեղ կարևոր պայման է, որ կոնտակտը տեղի է ունեցել վերջին 72 ժամվա ընթացքում: Պոտենցիալ վտանգավոր են համարվում արյունը և տեսանելի արյան խառնուրդով ցանկացած այլ կենսահեղուկ: Եթե վարակի աղբյուրն անհայտ է, ՄԻԱՎ կարգավիճակը որոշվում է անհատական կարգով:

Մասնագիտական շփման կարող են ենթարկվել բուժաշխատողները (հատկապես շտապ բժշկական օգնության անձնակազմը, դիահերձում իրականացնողները, լաբորատորիաների աշխատակիցները), ինչպես նաև ոչ բժշկական հաստատություններում աշխատող անձինք, ովքեր պացիենտների անմիջական խնամքի հետ կապ չունեն, բայց աշխատանքի ընթացքում կարող են ենթարկվել արյան և կենսաբանական հեղուկների ազդեցությանը, օրինակ՝ ոստիկաները, քրեակատարողական հիմնարկների աշխակիցները, փրկարարական ջոկատների անդամները, կամավորները և այլ:

Ոչ մասնագիտական շփումներն են օրինակ առանց պահպանակ սեռական հարաբերությունները, ՄԻԱՎ ունեցող անձի հետ ընդհանուր ներարկիչների օգտագործումը, ասեղով պատահական ծակոցները կամ ՄԻԱՎ-ի հետ ներհիվանդանոցային շփումը, երբ պացիենտը կարող է վարակվել բժշկական միջամտությունների արդյունքում:

Հետկոնտակտային կանխարգելումը ցուցված է միայն ՄԻԱՎ չունեցող պոտենցիալ վտանգավոր կոնտակտ ունեցած անձանց և այն պետք է սկսել վտանգավոր կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ ուշ քան 72 ժամը: Հետկոնտակտային կանխարգելումը արդյունավետ չէ, եթե բժշկական օգնության են դիմել կոնտակտից 72 ժամ անց:

Հետկոնտակտային կանխարգելում պետք է կիրառել միայն ոչ հաճախակի վտանգավոր կոնտակտների ժամանակ: Այն մարդկանց, ովքեր ենթարկվում են ՄԻԱՎ-ի հետ հաճախակի և կրկնվող շփումների, պետք է իրազեկել անվտանգ սեռական հարաբերությունների և ներարկային միջամտությունների հնարավորությունների մասին, ինչպես նաև նախակոնտակտային կանխարգելման տրամադրման վերաբերյալ:

Ինչպե՞ս է այն «աշխատում»

72 ժամվա «գաղափարը» բխում է ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի առանձնահատկություններից, քանի որ 72 ժամ անց տեղի է ունենում վիրուսի տարածում ամբողջ օրգանիզմում: ՀՌՎ դեղերը խոչընդոտում են վիրուսի ներդրմանը մարդու բջիջների մեջ:

Արդյո՞ք հետկոնտակտային կանխարգելումը երաշխավորում է լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ վարակից

Հետկոնտակտային կանխարգելումը չի երաշխավորում լիարժեք պաշտպանություն ՄԻԱՎ վարակից: Դրա արդյունավետության բացատրությունը հիմնված է ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի և ՀՌՎ դեղերի ազդեցության մեխանիզմների: Մինչ օրս հետկոնտակտային կանխարգելման արդյունավետությունը հիմնավորված չէ ապացուցողական բժշկությամբ, քանզի հետազոտություններ չեն կարող իրականացվել էթիկայի տեսանկյունից ելնելով:

Միևնույն ժամանակ ՀՀ-ում մինչ օրս չի արձանագրվել ՄԻԱՎ-ով վարակման դեպք հետկոնտակտային կանխարգելում ստանալուց հետո: