Դիմել մեզ

Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ամենատարածված վարակներից. խորհուրդներ վաստակաշատ ինֆեկցիոնիստ Գոհար Թամազյանից

01.06.2022
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ամենատարածված վարակներից. խորհուրդներ վաստակաշատ ինֆեկցիոնիստ Գոհար Թամազյանից

Բժշկության մեջ առանձին խումբ են կազմում մանկական հիվանդությունները, որը ներառում է մանկահասակ երեխաներին հատուկ մի շարք վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ կարմրուկը, կարմրախտը, ջրծաղիկը, պոլիոմելիտը, խոզուկը, քութեշը և այլ: Այնուամենայնիվ, սա երաշխիք չէ, որ դրանք չեն կարող առաջանալ հասուն տարիքում: Այս հիվանդությունների մի մասը կառավարելի են, այսինքն դրանք կարող են կանխարգելվել պատվաստումների միջոցով: Տասնամյակների ընթացքում պատվաստումներն արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը, և այդ են վկայում գրեթե անհետացած կամ հազվադեպ հանդիպող դիֆտերիան, խոզուկը, կարմրուկը, կարմրախտը, կապույտ հազը: Ուստի ծնողներին հորդորում եմ բաց չթողնել պատվաստումների ազգային օրացույցով հաստատված և ո՛չ մի պատվաստում: Պետք է գիտակցել, որ բաց թողած ցանկացած պատվաստում կարող է հետագայում ճակատագրական լինել ձեր երեխայի համար:

Մանկական տարիքում շատ հաճախ հանդիպում են նաև սուր շնչառական, աղիքային վարակները, մենինգիտը, մոնոնուկլեոզը, էնտերովիրուսային վարակները, որոնք փոխանցվում են վարակակիր անձի հետ շփման արդյունքում՝ օդակաթիլային եղանակով կամ կենցաղային շփման միջոցով:

Արդեն ամառ է, իսկ ամռանն առավել արդիական են դառնում աղիքային վարակները: Շոգ եղանակն ու խոնավությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ախտածին մանրէների բազմացման համար, որոնք ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում են մարսողական համակարգը: Հատկապես խոցելի են նորածնային տարիքի և միչև 5 տարեկան երեխաները, որոնք շրջապատող աշխարհի հետ ծանոթանում են ձեռքերի և բերանի միջոցով:

Ամռանը աղիքային վարակների շատ դեպքեր են գրանցվում՝

  • լավ չլվացած կամ ընդհանրապես չլվացած մրգեր, բանջարեղեններ ուտելուց,

  • պատշաճ ջերմային մշակում չանցած մսեղեն, ձկնեղեն օգտագործելուց,

  • ոչ պատշաճ պայմաններում պահպանված մթերքներ, հատկապես՝ կաթնամթերք օգտագործելուց:

Փոքրիկներին աղիքային վարակներից պաշտպանելու համար խորհուրդ եմ տալիս լինել հետևողական և կիրառել կանխարգելիչ հետևյալ միջոցառումները.

  • հաճախ լվացեք երեխաների ձեռքերը: Գիտակից երեխաներին սովորեցրեք հիգիենայի կանոնները, հատկապես ճիշտ և մանրակրկիտ լվանալ ու չորացնել ձեռքերը,

  • մաքուր և հոսող ջրով լավ լվացեք պտուղները, հատապտուղները, մրգերը, բանջարեղենները, կանաչեղենը,

  • մի օգտագործեք ժամկետանց մթերքներ կամ մթերքներ, որոնց պահպանման պայմանները կասկածելի են կամ պատշաճ ապահովված չեն,

  • հեռու պահեք մթերքները միջատներից և կրծողներից, որոնք կարող են վարակի աղբյուր հանդիսանալ,

  • լավ եռացրեք կաթը, լավ եփեք միսն ու ձկնեղենը,

  • մի թույլ տվեք երեխաներին լողալ արգելված վայրերում,

  • բացատրեք երեխաներին, որ չի կարելի միաժամանակ օգտագործել տարբեր սննդամթերքներ,

  • երեխաներին տվեք շատ հեղուկներ, հատկապես մաքուր ջուր: Սա կարելի է նշել, որպես աղիքային վարակների կանխարգելման ամենակարևոր քայլ:

Երեխայի մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Մի զբաղվե՛ք ինքնաբուժությամբ, քանզի ինքնաբուժությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

Եվ վերջում, օրվա առիթով, շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթելով առողջ ու անհոգ մանկություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն, իրենց երեխաների համար  պաշտպանված միջավայր ապահովելու համար: