
Մարտի 1-ը նշվում է որպես Զրո խտրականության օր, որը կոչ է անում պայքարել խտրականության բոլոր ձևերի դեմ՝ ապահովելով հավասար իրավունքներ և հնարավորություններ բոլոր մարդկանց համար՝ անկախ սեռից, ազգությունից, սոցիալական կարգավիճակից, սեռական կողմնորոշումից կամ առողջական վիճակից։
Այս օրը հաստատվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNAIDS) նախաձեռնությամբ՝ ընդգծելու խտրականության բացասական ազդեցությունը և խթանելու ներառական հասարակությունների զարգացումը։ 2025-ի կարգախոսն է՝ «Մենք միասին ենք»:
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հաճախ բախվում են խարանի և խտրականության, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի որակի, առողջապահական ծառայություններից օգտվելու և հասարակությունում ինտեգրվելու վրա։
Տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունները, հասարակական շարժումները և ակտիվիստները պայքարում են այդ խարանի դեմ՝ տեղեկացվածությունը բարձրացնելու և ապահովելու, որ ՄԻԱՎ ունեցող անձինք ստանան պատշաճ բուժում, աջակցություն և պաշտպանություն։
Յուրաքանչյուրս կարող է նպաստել զրո խտրականությանը.
• իրազեկել՝ փաստերի վրա հիմնված տեղեկատվությամբ կոտրելով խարանն ու կարծրատիպերը,
• պաշտպանել խտրականության ենթարկված անձանց՝ բարձրացնելով նրանց ձայնն ու աջակցելով իրավահավասարությանը,
• խրախուսել ներառականությունը մեր համայնքներում, աշխատավայրերում և սոցիալական միջավայրում։
Մենք միասին ենք: