«Մասնագիտական ունակություններից զատ բժշկի հաջորդ ամենակարևոր հատկանիշը հոգատարությունն է»,-ասում է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Վարսենիկ Ներսիսյանը, ապա հավելում․
«Երբ քո առջև զինվոր է, այդ հոգատարությունը բազմապատկվում է։ Այդ ժամանակ իրենց դիտարկում ես ոչ միայն որպես բուժառու, այլև որպես հայրենիքի պաշտպան, սահման պահող»,-ասում է բժիշկը։
Վարսենիկ Ներսիսյանը, որը շուրջ տասը տարի ԻՀԱԿ-ում է և հասցրել է բուժել բազմաթիվ բուժառուների, ընդգծում է, որ զինծառայողների հետ աշխատանքը փոքր-ինչ տարբերվում է։ «Մենք կորոնավիրուսային համավարակի ընթացքում բազմաթիվ հոգեբանական դժվարությունների միջով ենք անցել, հասցրել ենք կոփվել որպես բժիշկ ու անհատ, սակայն զինվորների դեպքում էմոցիոնալ դաշտը տարբերվում է»,-ասում է բժիշկը։
Վարսենիկ Ներսիսյանը կարևորում է զգոնության պահպանումը` նշելով, որ դա առաջնային է Զինվորական բաժանմունքում աշխատանքը կազմակերպելիս, որպեսզի պատշաճ պահպանվեն բոլոր կանոնները:
ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքում սպասարկվում են ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):