ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ դեկտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ՄԻԱՎ-ի մասին իրազեկման արշավ է սկսում։
Մենք առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնենք ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի մասին տարածված միֆերն ու մասնագետների օգնությամբ ձեզ կներկայացնենք իրականությունը։
Իրազեկված լինելը վարակից պաշտպանվելու առաջնային պայման է։ Մենք հանրամատչելի կերպով կանդրադառնանք ամենատարածված հարցերին, իսկ ձեզ հուզող մյուս հարցերը կարող եք հղել մեկնաբանություններում կամ նամակով։
Այսպիսով՝ միֆ առաջին․
Առողջ տեսք ունեցող մարդը ՄԻԱՎ չի կարող ունենալ։
Իրականությունը կներկայացնի ԻՀԱԿ Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։
ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով ապրողները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ: Ավելին` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ավելի քան երկու երրորդը չգիտի իր` վարակված լինելու մասին:
Հիվանդության խարդավանքը հենց այն է, որ վերջինս ընթանում է երկարատև անախտանշան՝ թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց: