
Կարևորելով շարունակական կրթությունն ու առողջապահական միջազգային լավագույն փորձի ձեռքբերումը՝ ԻՀԱԿ բժիշկները պարբերաբար մասնակցում են տեղական ու միջազգային հեղինակավոր կառույցների վերապատրաստումներին: ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անահիտ Առաքելյանը շուրջ 10-օրյա մասնագիտական այցով գտնվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:
Բժշկուհին մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնությունը երեխաների մոտ սուր վիճակներում» խորագրով գիտագործնական-ուսուցողական դասընթացին, որը կազմակերպել էր ՌԴ ԱՆ երեխաների առողջության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնը։
Հագեցած դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են երեխաների առողջությանն ու դրա պահպանմանը վերաբերող մի շարք կարևոր թեմաներ: Անդրադարձ է կատարվել տենդին ու ծանր բակտերիալ վարակներին, տենդի կառավարման առանձնահատկություններին, մինչև 1 տարեկան թոքաբորբով երեխաների մոտ անտիբիոտիկոթերապիայի առանձնահատկություններին, առաջին բուժօգնության մոտեցումներին և նորագույն լուծումներին:
Դասընթացն ուղեկցվել է գործնական վարժանքներով, տարբեր երկրների բժիշկները փոխանակվել են փորձով և ձեռք բերել հետագա համագործակցությունների վերաբերյալ պայմանավորվածություններ: