Այսօր նշվում է այն մասնագիտության օրը, որը կանգնած է ժամանակակից բժշկության առաջնագծում․ Ռադիոլոգիայի միջազգային օրն է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Գործիքային ախտորոշման ծառայությունը շնորհավորում է բոլոր ռադիոլոգներին և գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ։
Ռադիոլոգիան բժշկության առանցքային ուղղություններից է, որն ապահովում է ժամանակին և ճշգրիտ ախտորոշում՝ դարձնելով բուժման գործընթացը ավելի արդյունավետ և անվտանգ։
«Ռադիոլոգիան պարզապես նկարներ և մոխրագույնի երանգներ չէ, այն կյանքին այլ աչքերով նայելու և ոչ տեսանելիի խորքը հասնելու ուղի է։ Ամեն հետազոտություն, ամեն պատկեր ու մոխրագույնի ամեն երանգ մի ամբողջ պատմություն է, որը մենք՝ ռադիոլոգներս, կարդում ենք՝ գտնելու և փրկելու համար։ Սիրելի՛ գործընկերներ, թող մենք միշտ գտնենք հստակություն, որտեղ կա անորոշություն, և լույս, որտեղ կան ստվերներ։
Շնորհակալություն բոլոր մասնագետներին իրենց նվիրված աշխատանքի և առողջապահության զարգացման գործում ունեցած ներդրման համար»,-ասում է ԻՀԱԿ գործիքային ախտորոշման ծառայության ղեկավար Լուսինե Սուջյանը։