Դիմել մեզ

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

15.10.2025
Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին`ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Օրվա նշանավորումը նպատակ ունի հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել ձեռքերի լվացման պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոց:

Օրն այս տարի նշվում է «Դարձիր ձեռքերի լվացման հերոս» (Be a Handwashing Hero) կարգախոսով՝ կոչ անելով յուրաքանչյուրին դառնալ օրինակ սեփական ընտանիքում, աշխատավայրում կամ համայնքում՝ խթանելով ձեռքերի հիգիենայի մշակույթը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, որոնց 40-80%-ը փոխանցվում է ձեռքերի միջոցով:

Օճառով և մաքուր ջրով ձեռքերը լվանալը շարունակում է մնալ ամենաարդյունավետ և մատչելի միջոցը վարակների կանխարգելման համար։ Այն կարող է նվազեցնել փորլուծություն առաջացնող հիվանդությունների ռիսկը մինչև 40%-ով և շնչառական վարակները՝ շուրջ 20%-ով։ Ձեռքերի ճիշտ լվացումը կանխում է նաև այնպիսի հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են COVID-19-ը, գրիպը և մաշկային վարակները։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեռքերի լվացման կանոնները՝ հիշեցնելով, որ անհրաժեշտ է այս պարզ գործողությունը դարձնել սովորություն: