Դիմել մեզ

ԻՀԱԿ ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվել են ՌԴ-ում

30.09.2025
ԻՀԱԿ ներկայացուցիչներն աշխատանքային այցով գտնվել են ՌԴ-ում

ԻՀԱԿ բուժական գծով փոխտնօրեն Վադիմ Այդիյանը, համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը և ամբուլատոր կլինիկայի բժիշկ-վարակաբան Հրանտ Բաբայանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով գտնվել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում:

ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի կազմակերպած «ՄԻԱՎ վարակի դիսպանսերային հսկողության և բուժման նկատմամբ հակվածության ձևավորման տեխնոլոգիայի կատարելագործումը՝ որպես ՄԻԱՎ վարակի փոխանցումը նվազեցնելու միջոց» խորագրով աշխատաժողովին, որն անցկացվել է նշված թեմայով մի քանի երկրների մասնակցությամբ գիտահետազոտական ծրագրի շրջանակում:

Եռօրյա աշխատաժողովի ընթացքում անդրադարձեր են կատարվել ՄԻԱՎ ունեցող անձանց շրջանում իրականացված հետազոտություններին, դրանց արդյունքներին և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Կլոր-սեղան քննարկման առանցքում են եղել ՄԻԱՎ վարակի դիսպանսերային հսկողության և բուժման ոլորտում տարբեր երկրների փորձն ու կիրառած մեթոդները: Հայաստանյան փորձն ու ոլորտում ԻՀԱԿ գործունեությունը ներկայացրել է Վարդան Արզաքանյանը:

Աշխատաժողովը հարթակ է հանդիսացել ոլորտում փորձի փոխանակման և հետագա համագործակցությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: