Դիմել մեզ

Ռիմա Այվազյանը Araratnews.am-ի հետ զրույցում ներկայացրել է հեպատիտի անվճար ախտորոշման ծրագիրը

31.07.2023
Ռիմա Այվազյանը Araratnews.am-ի հետ զրույցում ներկայացրել է հեպատիտի անվճար ախտորոշման ծրագիրը

AraratNews․am-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ զրուցել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանի հետ։ Մասնագետը մեզ հետ զրույցում ներկայացրել է հիվանդության փոխանցման ուղիները, պաշտպանության միջոցներն ու մեր երկրում իրականացվող ծրագրերը։

-Տիկի՛ն Այվազյան, ի՞նչ են վիրուսային հեպատիտները, դրանց փոխանցման ուղիները որո՞նք են, ինչպե՞ս պաշտպանվել։

-Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են լյարդային բջիջների ախտահարմամբ, ըստ ընթացքի՝ կարող են լինել սուր և քրոնիկ։ Դրանք մի քանի տեսակի են (Ա-ից Ե) բայց թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն։  Հեպատիտ Ց-ն համարվում է լիարժեք բուժելի հիվանդություն, հեպատիտ Բ-ն վերահսկելի, կառավարելի հիվանդություն է։

Վիրուսային հեպատիտները փոխանցման տարբեր ձևեր ունեն․ վիրուսային հեպատիտ Ա-ի և Ե-ի փոխանցման ճանապարհը ֆեկալ-օռալ է, այսինքն՝ հիմնականում փոխանցվում են սննդի և ջրի միջոցով։ Այս պահին մեր հանրապետությունում, բարեբախտաբար, այդ հեպատիտների տեղային դեպքեր գրեթե չեն արձանագրվում։ Հեպատիտ Ա-ից և Ց-ից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սննդի ճիշտ ջերմային մշակում և լվացում։

Հեպատիտ Ց-ն և Բ-ն փոխանցվում են հեմոկոնտակտային, արյան միջոցով (օրինակ՝ դաջվածքներ, կոսմետոոգիական կամ բժշկական միջամտություններ՝ առանց պատշաճ բժշկական ախտահանման և լիարժեք մանրէազերծման, թմրամիջոցների ներերակային օգտագործում), սեռական (անպաշտպան սեռական հարաբերություն) և վերտիկալ (մորից երեխային) ճանապարհներով։

Հեպատիտ Բ-ի  դեմ գույություն ունի պատվաստանյութ, և պատվաստվելը հիվանդության կանխարգելման ամենաճիշտ տարբերակն է։ Այդ պատվաստումը ներառված է մեր պլանային պատվաստումների օրացույցում։ Ի դեպ, պատվաստվելու համար քաղաքացիները կարող են մոտենալ ԻՀԱԿ ամբուլատոր կլինիկա՝ Ավան՝ Աճառյան 2։

Հեպատիտ Ց-ի դեմ, ցավոք, պատվաստանյութ չկա, և իմունականխարգելման միջոցով չենք կարող պաշտպանվել վարակվելուց։

-Ո՞ր նախանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի, նախանշանները ե՞րբ են սկսում արտահայտվել, գաղտնի փուլը որքա՞ն է տևում։

-Հեպատիտ Բ-ն և Ց-ն համարվում են դանդաղ վարակներ և կարող են երկար տարիներ լինել անախտանիշ։ Վիրուսային հեպատիտները կարող են ունենալ սուր և քրոնիկ ընթացք։ Սուր վիրուսային հեպատիտների դեպքում հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները, մաշկի և սկլերաների դեղնությունը, ջերմության բարձրացումը, կղանքի գունազրկումը, մեզի գույնի մգացումը։ Քրոնիկ վիրուսային հեպատիտները կարող են երկար ժամանակ ընթանալ անախտանիշ, և բուժառուն ընդհանրապես ոչ մի սուբյեկտիվ զգացողություն չունենա։

Դրան զուգահեռ կարող են լինել տարբեր ախտանշաններ, որոնք առաջին հայացքից չեն կապվում քրոնիկ հեպատիտի հետ, օրինակ՝ ընդհանուր թուլություն, հոդացավեր, մաշկային, նյարդաբանական խնդիրներ։ Քանի որ քրոնիկ վիրուսային հեպատիտի դեպքում ախտանշանները կա՛մ բացակայում են, կա՛մ շատ տարբեր են և ոչ սպեցիֆիկ, բուժառուները հաճախ չեն էլ կասկածում, որ կարող են ունենալ հեպատիտ, և համապատասխան մասնագետին դիմում են ուշ փուլերում, ինչի հետևանքով կարող է արձանագրվել լյարդի ցիռոզ, լյարդային անբավարարություն կամ լյարդային ուռուցքներ։

-Հեպատիտների ախտորոշման, բուժման ի՞նչ ծրագրեր են գործում ՀՀ-ում, եւ, մասնավորապես, ԻՀԱԿ-ում։ Դրանց առնչվող ո՞ր ծառայություններն են անվճար, որո՞նք՝ վճարովի։

-Քանի որ վիրուսային հեպատիտները կարող են երկար ժամանակ լինել օրգանիզում՝ անախտանիշ, շատ կարևոր նշանակություն ունեն սքրինինգային հետազոտությունները։ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկաները պարբերաբար այցելում են տարբեր մարզեր և կազմակերպում հետազոտություններ հեպատիտ Ց-ի, Բ-ի ու նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի վերաբերյալ։ Հիվանդության՝ ժամանակին հայտնաբերումն ու բուժառուներին բուժման ուղղորդելը շատ կարևոր է, քանի որ օգնում է ավելի վաղ հայտնաբերելու, հետևաբար՝ ավելի վաղ ուղղորդելու բուժման՝ խուսափելով հնարավոր բարդություններից և կանխելով վարակի հետագա տարածումը։

Պետք է հպարտությամբ ասեմ, որ ՀՀ-ում գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում հեպատիտ Ց-ի բուժման դեղորայքը տրամադրվում է անվճար։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ներգրավված է այս ծրագրում, և արդեն մի քանի փուլերով այն իրականացվում է։ Կարող եմ հավաստել, որ ունենք բավականին լավ արդյունքներ։

-Վերջերս ներդրվել է հեպատիտ Ց-ի որակական անալիզների անվճար համակարգը։ Սա ինչպե՞ս կնպաստի հիվանդության կանխարգելմանը կամ վաղ փուլում հայտնաբերմանն ու բուժմանը։

-Այո՛, ՊՇՌ հետազոտությունը վերջին մեկ ամսում մեր կենտրոնում կատարվում է պետպատվերի շրջանակներում՝ անվճար։ ՊՇՌ հետազոտություն ցուցված է անել այն քաղաքացիներին, որոնք դրական հակամարմիններ ունեն հեպատիտ Ց-ի վերաբերյալ։ Նախկինում այդ հետազոտությունն արժեր 10 000 դրամ։ Սա մեծապես նպաստում է հիվանդության վաղ հայտնաբերմանը՝ հատկապես խոցելի խմբերի բուժառուներին տրամադրելով հասանելի բուժսպասարկում։

Կարևոր է հիշել, որ հիվանդության վաղ հայտնաբերումն օգնում է խուսափելու մի շարք բարդություններից։ Առաջին բանը, որ ես ասում եմ իմ բուժառուներին, այն է, որ  վիրուսային հեպատիտ ունենալը խարան կամ ամոթ չէ, ոչ ոք դրանից ապահովագրված չէ։ Ցանկացած քաղաքացի ռիսկի խմբում է և կարող է վարակվել հեպատիտ Բ-ով կամ Ց-ով, պարզապես անհրաժեշտ է հետևել պարզ կանոնների՝ զգոն լինել, պարբերաբար  հետազոտվել։