Դիմել մեզ

Ռոտավիրուս․ ամեն ինչ՝ վարակի մասին. ներկայացրել է Մարինե Զազյանը

17.08.2024
Ռոտավիրուս․ ամեն ինչ՝ վարակի մասին. ներկայացրել է Մարինե Զազյանը

Ռոտավիրուսային վարակի վերաբերյալ հանրությանը հուզող բոլոր հարցերին պատասխանել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Մարինե Զազյանը։

-Ինչպիսի՞ հիվանդություն է ռոտավիրուսային վարակը։

-Ռոտավիրուսային վարակը սուր վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է աղեստամոքսային տրակտը։ Հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ․ սա պայմանավորված է նրանց ստամոքսի ցածր թթվայնությամբ և իմունհամակարգի անբավարար հասունությամբ։ Հիվանդությունը կարող է ծանր ընթանալ հատկապես 3 ամսականից 3 տարեկան երեխաների մոտ։

-Ինչպե՞ս է փոխանցվում հիվադությունը։

-Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակը փոխանցվում է կեղտոտ ձեռքերի, կենցաղային իրերի, խաղալիքների, սննդի, ջրի միջոցով, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շրջանը տևում է 1-3 օր, սուր շրջանը՝ միջինը 3-7 օր, սակայն ծանր ընթացքի դեպքում կարող է տևել 7 օրից ավելի։

-Ինչպե՞ս է դրսևորվում վարակը։

-Ռոտավիրուսային վարակը սկսվում է սուր՝ փսխումով, ջերմության բարձրացմամբ, որովայնացավով, փորլուծությամբ։ Հիվանդության երկրորդ-երրորդ օրը նկատվում է գորշադեղնավուն, կավանման, ջրիկ կղանք՝ գարշահոտով։ Բնորոշ է նաև ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը։ Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է քթահոսություն, կոկորդում կարմրություն և ցավ՝ կլման ակտի ժամանակ։

-Ի՞նչ անել և չանել ախտանշանների դեպքում։

-Ռոտավիրուսային վարակի ժամանակ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, պետք է անպայման դիմել տեղամասային մանկաբույժին, ըստ  բժշկի ցուցման՝ բուժումը շարունակել ստացիոնար պայմաններում։ Սովորաբար վարակն ինքնուրույն վերանում է 3-7 օրվա ընթացքում։ Քանի որ ռոտավիրուսային վարակի ժամանակ դիտվում է երկրորդային լակտոզային անբավարարություն, ապա սննդակարգից մինչև երկու ամիս տևողությամբ անպայման պետք է բացառել կաթնամթերքը։ Ինչպես մյուս սուր աղիքային վարակների ժամանակ, ռոստավիրուսային վարակի դեպքում նույնպես սուր ընթացքի ժամանակ սննդակարգից բացառում են թարմ միրգ-բանջարեղենը, մսամթերքը։

Պետք է ընդունել մեծ քանակությամբ հեղուկ, իսկ հակաբակտերիալ և հակավիրուսային դեղամիջոցները չեն օգնում։

-Ինչպե՞ս կանխարգելել։

-Վարակված մարդու կղանքում ռոտավիրուսը հայտնաբերվում է ախտանշանների ի հայտ գալուց երկու օր առաջ և լավացումից մինչև 10 հետո։ Այս ընթացքում վիրուսը հեշտությամբ տարածվում է ձեռք-բերան շփման միջոցով, նույնիսկ եթե վարակված անձը չունի ախտանիշներ։ Ռոտավիրուսային վարակը մինչև 5 տարեկան երեխաների փորլուծության հիմնական պատճառն է։ Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։ Հայաստանում ռոտավիրուսային վարակի դեմ երեխաներին պատվաստում են երկու դեղաչափով՝ 6 շաբաթականում և 12 շաբաթականում։