Սնկային վարակները միայն մաշկի խնդիր չեն
Սեպտեմբերի 14–18-ը Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթն է
Սնկերի հետ շփումը կարող է տեղի ունենալ այնտեղ, որտեղ ապրում, աշխատում, ճանապարհորդում կամ բուժօգնություն ենք ստանում։ Սակայն շփումը դեռևս չի նշանակում հիվանդություն։ Վարակը զարգանում է, երբ սնկի տեսակը, մարդու առողջական վիճակը և այլ նպաստող գործոններ հնարավորություն են տալիս դրա տարածմանը։
Սնկային հիվանդությունները հաճախ կապում ենք մաշկի, ոտնաթաթերի կամ եղունգների ախտահարման հետ։ Մինչդեռ որոշ սնկեր կարող են ներթափանցել օրգանիզմ, տարածվել արյան միջոցով և ախտահարել կենսական կարևոր օրգաններ ու համակարգեր։
Կարող է դրսևորվել ջերմությամբ, հազով, կրծքավանդակի ցավով և շնչառության դժվարացմամբ։ Այս ախտանշանները հաճախ նման են բակտերիալ կամ վիրուսային թոքաբորբի դրսևորումներին, ինչի պատճառով ճիշտ ախտորոշումը կարող է ուշանալ։
Սնկերի ներթափանցումն արյան շրջանառություն՝ ֆունգեմիան, այդ թվում՝ Candida-ով պայմանավորված կանդիդեմիան, կարող է հանգեցնել սեպսիսի՝ վարակի նկատմամբ օրգանիզմի անկառավարելի արձագանքով պայմանավորված կյանքին սպառնացող վիճակի։
Սնկերը կարող են ախտահարել գլխուղեղը, ողնուղեղը կամ դրանք պատող թաղանթները՝ առաջացնելով մենինգիտ, էնցեֆալիտ կամ միելիտ։ Հնարավոր նշաններից են ուժեղ գլխացավը, պարանոցի կարկամությունը, գիտակցության խանգարումը և ցնցումները։
Սնկային օստեոմիելիտը հազվադեպ, բայց ծանր վարակ է։ Այն կարող է արտահայտվել երկարատև տեղային ցավով, այտուցով, շարժումների սահմանափակմամբ կամ չլավացող վերքով։
Տարածուն սնկային վարակի դեպքում կարող են ախտահարվել նաև լյարդն ու փայծաղը, հատկապես իմունային պաշտպանության արտահայտված նվազում ունեցող անձանց շրջանում։
Որոշ սնկեր կարող են ներխուժել անոթների պատեր՝ առաջացնելով արյան հոսքի խանգարում, թրոմբոզ, արյունահոսություն կամ հյուսվածքների մեռուկացում։
Ծանր և ինվազիվ սնկային վարակների ռիսկն ավելի բարձր է իմունային համակարգի աշխատանքի խանգարում, մասնավորապես՝ ընկճված իմունային համակարգ կամ շաքարային դիաբետ ունեցող, փոխպատվաստում կամ քիմիաթերապիա անցած, իմունաճնշող բուժում ստացող, ինչպես նաև երկարատև հիվանդանոցային խնամքի և ինվազիվ միջամտությունների կարիք ունեցող անձանց շրջանում։
Հակաբիոտիկները սնկային վարակները չեն բուժում։ Ավելին՝ դրանց երկարատև կամ առանց հստակ բժշկական ցուցման կիրառումը կարող է խաթարել օրգանիզմի բնական միկրոֆլորան և մեծացնել որոշ սնկային վարակների, հատկապես կանդիդոզի զարգացման ռիսկը։
Եթե վարակի ախտանշանները երկարատև են, վիճակը վատանում է կամ նշանակված բուժումը չի օգնում, անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ։
Մի՛ բուժեք կասկածը։ Պարզե՛ք պատճառը։