Դիմել մեզ

Սեպտեմբերի 15–19-ը՝ Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթ

15.09.2025
Սեպտեմբերի 15–19-ը՝ Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթ

Այսօր կխոսենք այն սնկային հիվանդությունների մասին, որոնք հանրությանը քիչ են հայտնի։

   Գիտեի՞ք, որ սնկերը կարող են ախտահարել ոչ միայն մաշկը, այլև ներքին օրգանները։
Ահա մի քանի օրինակ․

  • Սնկային թոքաբորբ
  • Սնկային սեպսիս (արյան վարակում)
  • Նյարդային համակարգի հիվանդություններ (մենինգիտ, էնցեֆալիտ, միելիտ)
  • Ոսկրերի սնկային հիվանդություններ
  • Լյարդի սնկային հիվանդություն
  • Անոթների սնկային հիվանդություն

Ինչպե՞ս են զարգանում սնկային հիվանդությունները

Առողջ մարդկանց մոտ ներքին օրգանների սնկային հիվանդությունները գրեթե չեն հանդիպում։ Դրա պատճառը մեր իմուն համակարգն ու միկրոֆլորան են, որոնք պաշտպանում են մեզ։
Սակայն եթե․

  • թուլանում է իմուն համակարգը (օր.՝ ՄԻԱՎ վարակ, քիմիաթերապիա, երկարատև ստերոիդային բուժում), կամ
  • խաթարվում է նորմալ միկրոֆլորան (օր.՝ հակաբիոտիկների երկարատև օգտագործումից),

այդ ժամանակ սնկերը կարող են դառնալ վտանգավոր։


Որտեղի՞ց են գալիս սնկերը

Սնկերը մեր շուրջն ամենուր են՝ օդում, հողի մեջ, նույնիսկ մեր օրգանիզմում (օրինակ՝ բերանում կամ աղիներում)։ Բայց դրանք չեն առաջացնում հիվանդություն այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է բալանսը։ Հենց այդ բալանսը խանգարվում է, սկսվում են խնդիրները։


Ինչպե՞ս են դրսևորվում

Մաշկային և արտաքին սեռական օրգանների սնկային վարակները բավականին տարածված են։ Սակայն, երբ սունկը ախտահարում է ներքին օրգանները, հիվանդությունը դառնում է ծայրահեղ վտանգավոր և հաճախ ունի բարձր մահացություն։

  • Սնկային թոքաբորբը չի տարբերվում արտաքին նշաններով այլ թոքաբորբերից։ Ախտորոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդի ռիսկերը, ռենտգեն կամ ԿՏ հետազոտության արդյունքները։ Խորխի քննությունը միշտ չէ, որ հստակ պատասխան է տալիս։
  • Սնկային սեպսիսը առաջանում է, երբ սունկը հայտնվում և բազմանում է արյան մեջ․ այն սովորաբար այլ սնկային վարակների բարդություն է։

Նման ձևով սնկերը կարող են ախտահարել ոսկրերը, սիրտը, անոթները, լյարդը, երիկամները և նյարդային համակարգը։


 Ներքին օրգանների (ինվազիվ) սնկային հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը վարակային հիվանդությունների ամենամեծ մարտահրավերներից են։ Արդյունավետությունը ուղղակիորեն կախված է բժշկի գիտելիքներից և փորձառությունից։