Դիմել մեզ

Սեպտեմբերի 17-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

22.09.2026
Սեպտեմբերի 17-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 17-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվող օրվա նպատակն է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ընթացքում պացիենտների անվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել կանխարգելելի սխալների ու ռիսկերի նվազեցմանը։

2026 թվականի օրվա թեման է՝ «Անվտանգ բուժօգնություն ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում»՝ հատուկ ուշադրություն հրավիրելով սրտանոթային, շաքարային դիաբետ, ուռուցքային և քրոնիկ շնչառական հիվանդություններով պացիենտների անվտանգ և որակյալ շարունակական բուժօգնության ապահովմանը՝ ընդգծելով ժամանակին և ճշգրիտ ախտորոշման, դեղորայքային բուժման անվտանգության, բուժօգնության տարբեր օղակների միջև արդյունավետ փոխգործակցության և պացիենտների ակտիվ ներգրավման կարևորությունը։

 Պացիենտի անվտանգությունը բուժօգնության ամբողջ գործընթացի անբաժանելի մասն է՝ սկսած ճիշտ ախտորոշումից և բուժման ընտրությունից մինչև բժշկական թիմի արդյունավետ հաղորդակցությունը, վարակի կանխարգելման կանոնների պահպանումն ու պացիենտի տեղեկացված մասնակցությունը։

 ԻՀԱԿ-ում պացիենտների անվտանգությունը բուժօգնության յուրաքանչյուր փուլի կարևոր սկզբունքներից է։ Անվտանգության մշակույթը ենթադրում է սահմանված ընթացակարգերի պահպանում, հնարավոր ռիսկերի ժամանակին հայտնաբերում և արձանագրում, ինչպես նաև բժշկական թիմի և պացիենտի բաց ու արդյունավետ հաղորդակցություն։

 Պացիենտն իր հերթին կարող է ակտիվ մասնակցել սեփական բուժման գործընթացին՝ հարցեր տալով, տրամադրելով ամբողջական տեղեկատվություն իր առողջական վիճակի և ընդունվող դեղերի մասին ու ճշտելով հետազոտության և բուժման հաջորդ քայլերը։

Անվտանգ բուժօգնություն՝ ողջ կյանքի ընթացքում։