Դիմել մեզ

Սեպտեմբերի 18-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ծերացման իրազեկման օրն է

18.09.2025
Սեպտեմբերի 18-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ծերացման իրազեկման օրն է

Սեպտեմբերի 18-ը որոշ երկրներում նշվում է որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ծերացման իրազեկման օր (HIV/AIDS and Aging Awareness Day):

Այս օրը առիթ է հիշեցնելու, որ բժշկության առաջընթացի շնորհիվ ՄԻԱՎ ունեցող անձինք այսօր ապրում են ավելի երկար և առողջ կյանքով։ ԻՀԱԿ վիճակագրական տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում է ստանում 4000-ից ավելի անձ, որոնցից 500-ից ավելին 60 և ավելի բարձր տարիքի անձինք են:

Միաժանանակ կարևոր է ընդգծելը, որ տարիքին զուգահեռ առաջանում են նոր մարտահրավերներ՝ և՛ բժշկական, և՛ սոցիալական։

Տարեց մարդիկ, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով, հաճախ բախվում են խարանին, մեկուսացմանը կամ առողջապահական ծառայություններին հասանելիության դժվարություններին։ Մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել նրանց լիարժեք մասնակցությունը հանրային կյանքին։

Այս օրը հիշեցնում է, որ ՄԻԱՎ-ը միայն առողջապահական խնդիր չէ․ այն նաև մարդու իրավունքների և կարեկցանքի դաշտում է։ Մենք պետք է միասին բարձրացնենք իրազեկվածությունը և ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ տարեց մարդիկ, որոնք ապրում են ՄԻԱՎ-ով, իրենց զգան անվտանգ, հարգված և գնահատված։

Օգտագործենք այս օրը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը` ապահովել խնամք՝ առանց խտրականության, տարածել գիտելիք՝ առանց վախի, և կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ տարիքը կամ ՄԻԱՎ-ի կարգավիճակը երբեք չեն սահմանափակի մարդու` լիարժեք ու արժանապատիվ կյանքի իրավունքը: