Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հյուրընկալել էր Ֆրանսիայի Պաստյորի ինստիտուտի վիրուսաբանության բաժնի ղեկավար Ժան-Պիեռ Վարդանյանին և Nuclear Organization & Oncogenesis-ի գիտահանրապետական տնօրեն Պասկալ Պինոյին, որոնք Հայաստան էին այցելել Բաց բժշկական ինստիտուտի «Սթրեսը, գեներն ու վիրուսները. եռամիասնություն քաղցկեղում» խորագրով սիմպոզիումի շրջանակում:
Հանդիպման ընթացքում երկու կառույցների ներկայացուցիչները քննարկել են վիրուսաբանության ոլորտի արդի ձեռքբերումներն ու միջազգային նոր ուղղությունները, փորձի փոխանակման և համատեղ գիտահետազոտական նախագծերի հնարավորությունները։ Քննարկումները նպատակ ունեին բացելու համագործակցության նոր հարթակներ, որոնք կնպաստեն ԻՀԱԿ-ի մասնագիտական ներուժի հզորացմանը, նորարար մոտեցումների ներդրմանը և ոլորտի շարունակական զարգացմանը Հայաստանում։
ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել կենտրոնի ամբուլատոր կլինիկայում և լաբորատոր ախտորոշման ծառայության բաժանմունքում՝ ծանոթանալով մատուցվող ծառայություններին և կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումներին։
Շրջայցի ընթացքում Պասկալ Պինոն նաև պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ՝ ընդգծելով պատվաստումների կարևորությունը հանրային առողջության պահպանման գործում։
Կենտրոնը կարևորում է ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումն ու քննարկումները՝ ի նպաստ առողջապահական ոլորտի նորագույն մեթոդների տեղայնացմանը: