Տուբերկուլոզը վարակիչ, սակայն կանխարգելելի և բուժելի հիվանդություն է։ Այն հարուցվում է Mycobacterium tuberculosis մանրէով, հիմնականում ախտահարում է թոքերը, սակայն կարող է ախտահարել նաև այլ օրգաններ։
Վարակը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ ակտիվ թոքային տուբերկուլոզով պացիենտի հազալու, փռշտալու կամ խոսելու ժամանակ արտազատվող մասնիկների միջոցով։
Հայաստանում տուբերկուլոզի մասնագիտական խորհրդատվությունը, անհրաժեշտ հետազոտությունները, ախտորոշումն ու բուժումն իրականացվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում։
Կարևոր է տարբերակել․
Տուբերկուլոզային վարակ
Մարդը վարակված է, սակայն չունի ախտանիշներ, օրգանների ախտահարում և վարակը չի փոխանցում շրջապատին։ Իմունային համակարգի թուլացման դեպքում վարակը կարող է ակտիվանալ։
Վարակի գնահատման համար կիրառվում են՝
• ՏՄԹ/TST՝ մանտուի թեստ,
• ԳԻԱՓ/IGRA՝ արյան թեստ,
• TBST՝ տուբերկուլոզի հակածին պարունակող մաշկային թեստ՝ գործառնական հետազոտության շրջանակում։
Ակտիվ տուբերկուլոզ
Զարգանում է, երբ հարուցիչը սկսում է ակտիվորեն բազմանալ՝ առաջացնելով հյուսվածքների ախտահարում և կլինիկական նշաններ։ Թոքային ձևի դեպքում վարակը կարող է փոխանցվել շրջապատին։
Հիմնական ախտանիշները
• 2 շաբաթ և ավելի տևող հազ,
• ջերմություն,
• գիշերային քրտնարտադրություն,
• ախորժակի և քաշի կորուստ,
• թուլություն և հոգնածություն։
Ախտորոշումը կատարվում է կլինիկական գնահատման, լաբորատոր և ճառագայթային հետազոտությունների համակցմամբ։
Առաջնային ախտորոշման համար կիրառվում է Xpert MTB/RIF Ultra արագ մոլեկուլային թեստը, որը հայտնաբերում է տուբերկուլոզի հարուցիչը և որոշում ռիֆամպիցինի նկատմամբ կայունությունը։
Լրացուցիչ կիրառվում են կրծքավանդակի թվային ռենտգեն հետազոտություն, AI/CAD պատկերների գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ՀՇ, մագնիսառեզոնանսային շերտագրում և ուլտրաձայնային հետազոտություններ։
Ո՞ւր դիմել
Տուբերկուլոզի կասկածի դեպքում դիմեք՝
Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Արզնու խճուղի 10
Հեռախոս՝ +374 (222) 2-02-22
Տուբերկուլոզը բուժելի է , ժամանակին դիմեք մասնագետի, ստացեք ճիշտ խորհրդատվություն և անցեք անհրաժեշտ հետազոտությունները՝ վաղ ախտորոշման և արդյունավետ բուժման համար։