Դիմել մեզ

Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչ է անհրաժեշտ իմանալ

14.06.2025
Արևմտյան Նեղոսի տենդ․ ինչ է անհրաժեշտ իմանալ

🦟Արևմտյան Նեղոսի տենդը վարակվածների շուրջ՝

🔷80%-ի մոտ անցնում է առանց արտահայտված ախտանշանների,

🔷20%-ի դեպքում կարող է լինել ընդհանուր թուլություն, ջերմություն, սրտխառնոց, փորլուծություն, հոդամկանացավ,

🔷1% դեպքերում կարող է ախտահարվել կենտրոնական նյարդային համակարգը։

📃Հիվանդության մասին մանրամասները Հետքի հետ զրույցում ներկայացրել է ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

🔗Կարդացե՛ք ստորև՝ //hetq.am/hy/article/174962

 

Նեղոսի տենդով վարակվածն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է: Մարդուց մարդ հիվանդությունը չի փոխանցվում։ Վարակման առաջին դեպքի մասին Առողջապահության նախարարությունը հայտնել էր նախորդ շաբաթ՝ հունիսի 4-ին։ Նախարարությունից Հետքին հայտնեցին, որ հիվանդությունը ներբերված չէ արտերկրից, հիվանդը միջին տարիքի անձ է։ 

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի հիվանդության հարուցչի հիմնական փոխանցող են համարվում Կուլեքս ցեղի մոծակները, որոնք բավական հաճախ հանդիպում են Արարատյան դաշտում ու նախալեռներում:

  • Արևմտյան Նեղոսի տենդ տարածող մոծակն ամենատարածվածն է Արարատյան դաշտում ու Երևանում, բայց լավ նորություն էլ կա

«Չնայած որոշ հետազոտողներ փորձում են պնդել, թե սա ինվազիվ տեսակ է, այսինքն՝ վերջերս է ներխուժել Հայաստան, մոծակների ուսումնասիրության պատմության 80-90 տարիներին այն միշտ էլ հիշատակվել է որպես Հայաստանի գերիշխող տեսակներից մեկը, հատկապես՝ Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երևանում: Ցավոք սրտի, սա Երևանում ամենատարածված մոծակն է»,- «Հետք»-ի հետ զրույցում նախկինում նշել էր մակաբուծաբան Օլեգ Շչերբակովը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Արևմտյան Նեղոսի տենդը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր: Հիվանդության բնորոշ ախտանիշներն են համարվում գլխացավը, գլխապտույտը, տենդը, մկանացավը, սրտխառնոցը, փսխումը և մաշկի ցանավորումը։

Ռիմա Այվազյանի խոսքով՝ վարակվածների 80%-ի մոտ հիվանդությունն անցնում է առանց արտահայտված ախտանշանների։

«20%-ի դեպքում կարող է լինել ընդհանուր թուլություն, ջերմություն, սրտխառնոց, լուծ, հոդամկանացավ, այսինքն՝ ոչ մի սպեցիֆիկ ախտանշան չլինի, և հիվանդը չմտածի էլ, որ կարող է Նեղոսի տենդով է վարակված։ Այս դեպքերում հիմնականում տեղի է ունենում ինքնալավացում, և միայն 1% դեպքերում կարող է հիվանդությունը ընթանալ որպես նեյրոինվազիվ հիվանդություն, այսինքն՝ ախտահարվի կենտրոնական նյարդային համակարգը, և հիվանդությունն ընթանա մենինգիտի, մենինգոէնցեֆալիտի կամ պարալիզների ձևով»,- ասում է ԻՀԱԿ մասնագետը։

Վարակի ռիսկի խմբում են 65-ից բարձր անձինք և ուղեկցող հիվանդություններ ունեցողները։ Պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան ժամերին խուսափել ջրային տարածքներից, օգտագործել հակամիջատային ցանցեր, օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր, կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս, և հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք։

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության 132 դեպք, 4-ը՝ մահվան ելքով։ 

ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը նշում է, որ զգուշանալ պետք է, բայց խուճապի մատնվելու կարիք չկա։ Ցանկացած պարագայում, եթե ունեք բարձր ջերմություն, մկանացավ, գլխացավ, սրտխառնոց, փսխումներ, և դա տևում է 3-5 օր և ավել, պետք է դիմել բժշկի։