Դիմել մեզ

Ի՞նչ հարցեր է տալիս բժիշկը, երբ երեխայի մոտ ճիճվակրության կասկած կա

10.07.2026
Ի՞նչ հարցեր է տալիս բժիշկը, երբ երեխայի մոտ ճիճվակրության կասկած կա

Ի՞նչ հարցեր է տալիս բժիշկը, երբ երեխայի մոտ ճիճվակրության կասկած կա

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԻՀԱԿ մանկական վարակաբան Արևիկ Կարապետյանի հետ։

-Բժշկուհի՛ Կարապետյան, ինչի՞ց է սկսվում երեխայի մոտ ճիճվակրության կասկածի գնահատումը։

- Նախևառաջ փորձում ենք հասկանալ, թե երեխան ինչ գանգատներ ունի, երբ են դրանք սկսվել և ինչպես են զարգացել։ Կարևոր են որովայնային ցավը, կղանքի փոփոխությունները, ախորժակի նվազումը կամ ավելացումը, քաշի փոփոխությունը և այլ ուղեկցող նշանները։

-Կա՞ն ախտանիշներ, որոնց մասին ծնողը պետք է անպայման տեղեկացնի բժշկին։

- Այո՛։ Կարևոր է նշել, եթե երեխան գիշերը հետանցքի շրջանում քոր ունի։ Բժիշկը նաև կհարցնի՝ ծնողը նկատե՞լ է արդյոք հելմինթ կամ դրա նման հատվածներ երեխայի կղանքում, տակդիրում կամ ներքնազգեստի վրա։

-Բժիշկը հետաքրքրվո՞ւմ է երեխայի առօրյայով և սովորություններով։

-Անպայման։ Պետք է գնահատել նաև վարակման հնարավոր ռիսկերը։ Օրինակ՝ երեխան շփվո՞ւմ է հողի կամ ավազի հետ, որքանո՞վ է պահպանում ձեռքերի հիգիենան, օգտագործե՞լ է հում կամ ոչ լիարժեք ջերմային մշակման ենթարկված միս կամ ձուկ, ճանապարհորդե՞լ է, շփվո՞ւմ է կենդանիների հետ։ Այս հարցերը տրվում են՝ հաշվի առնելով, թե հելմինթային վարակի որ տեսակն է կասկածվում։

- Ընտանիքի մյուս անդամների կամ երեխայի շրջապատի առողջական վիճակը կարևո՞ր է։

-Այո՛։ Բժիշկը կարող է հարցնել՝ ընտանիքում, մանկապարտեզում կամ դպրոցում կա՞ որևէ անձ, որն ունի նմանատիպ ախտանիշներ կամ հաստատված հելմինթոզ։ Այս տեղեկությունը կարող է օգնել գնահատել վարակի տարածման հավանականությունը։

- Կարելի՞ է միայն այս նշանների հիման վրա հաստատել ճիճվակրությունը։

-Ո՛չ։ Նման ախտանիշները կարող են հանդիպել նաև այլ հիվանդությունների դեպքում։ Հարցերը օգնում են բժշկին ամբողջական պատկեր կազմել և որոշել, թե ինչ հետազոտություններ են անհրաժեշտ երեխայի համար։

Ճիճվակրության կասկածի դեպքում երեխային ինքնուրույն դեղորայք տալը ճիշտ մոտեցում չէ։ Անհրաժեշտ է դիմել մասնագետի, անցնել բժշկական խորհրդատվություն և կատարել նպատակային հետազոտություններ, որից հետո մեր հիվանդանոցի հմուտ մասնագետները կվարեն բուժառուի բուժման ընթացքը։