«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքի բժիշկները հիմնական մասնագիտությունից բացի նաև հոգեբանի հմտություններ են ձեռք բերել»,-ասում է Զինվորական բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Ռուզաննա Եղիազարյանը։
Բժշկի տասնամյակների աշխատանքային գործունեության հիմնական մասն անցել է զինծառայողներին բուժելով։ 1991 թվականից Ինֆեկցիոն հիվանդություների ազգային կենտրոնում (նախկինում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) աշխատող Եղիազարյանը նշում է՝ տասնամյակների ընթացքում կուտակած փորձն օգնել է տեսնելու բազմաթիվ առողջացող բուժառուների շնորհակալ ժպիտները։
«Մենք հիմնականում շփվում ենք երիտասարդ զինծառայողների հետ։ 18 տարեկանում, երբ նրանք արդեն դեռահաս չեն, սակայն բավականին մեծ տարիք էլ չունեն և նոր-նոր են մուտք գործում հասուն կյանք, մոտեցումները տարբեր են։ Այստեղ են գալիս ոչ թե տնից, այլ զորամասից։ Պետք է միաժամանակ և՛ ընտանեկան ջերմություն զգան, և՛ գիտակցեն, որ շարունակում են գտնվել ծառայության մեջ»,-ասում է Եղիազարյանը՝ նշելով, թե բուժանձնակազմի բոլոր ներկայացուցիչները յուրաքաչյուր բուժառուի ընտանեկան հոգատարությամբ են ընդունում և հպարտություն են զգում, որովհետև բուժում են սահմանն ամուր պահողներին:
Եղիազարյանը ժպտում է ՝ հիշելով աշխատանքային հուզիչ դրվագները․ բուժառուներից շատերը կարոտում են մայրիկի թխած լավաշը կամ սիրած աղջկան, բայց հիշում են՝ ծառայությունն այդ պահին ամենակարևորն է։ «Երբեմն որպես մայր ենք շփվում իրենց հետ, երբեմն՝ որպես ընկեր, հարազատ, խորհրդատու։ Կարևորը՝ ո՛չ մենք, ո՛չ իրենք զգոնությունը չենք կորցնում»,-նշում է բժիշկը։
ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքում սպասարկվում են ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):