«Ինքս ծառայել եմ բանակում, ու զինվորների հետ աշխատելիս նաև բազմաթիվ հիշողություններ են արթնանում ծառայության վերաբերյալ։ Հաճելի է, որ իրենց կարող եմ որևէ օգուտ տալ»,-ասում է ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Կլեմենտի Պետանյանը, ապա հավելում․
«Շատ զինվորներ են լինում, որոնք հոսպիտալացման երկրորդ-երրորդ օրվանից, երբ ինքնազգացողությունը փոքր-ինչ լավանում է, արդեն ցանկություն են հայտնում վերադառնալու իրենց ծառայությանն ու զինծառայող ընկերների մոտ»։
Բժիշկն ընդգծում է՝ իրենց աշխատանքում բուժական տեսանկյունից որևէ տարբերություն չկա․ բուժառուն բուժառու է՝ անկախ կարգավիճակից, և նրան պետք է որակյալ բուժսասարկում տրամադրել, բայց զինծառայողների հետ մոտեցումները որոշակիորեն տարբերվում են։
«Նրանք երիտասարդ են, վերաբերմունքն էլ առանձնահատուկ է՝ հոգեվիճակն ընկալելու, անհրաժեշտ խստությունը պահպանելու, բայց, միաժամանակ, բավարար հոգատարություն տրամադելու տեսանկյունից»,-ասում է Կլեմենտի Պետանյանը։
Բժիշկը նշում է, որ բաժանմունքում փորձում են հնարավորինս պահպանել այն կանոնները, որոնք վերաբերում են զինծառայությանը։ «Այստեղ իհարկե օրակարգն ավելի թեթև է, քան զորամասում, բայց որոշակի կանոնների պետք է հետևեն․ օրինակ՝ շուտ արթնանալը, արտաքին տեսքի՝ զինվորականին հարիր ձևով պահպանելը, միանման հագուստի կրումը և այլն։ Այդպես նաև ավելի հեշտ է լինում նորից ծառայության վերադառնալը»,-մեկնաբանում է Զինվորական բաժանմունքի բժիշկը։
*ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքում սպասարկվում են ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):
#ԻՀԱԿ_զինվորական_բաժանմունք