Դիմել մեզ

Տարեգիրք 2024

 

 

 

ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2024

 

 

 

 

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ 2025

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

I.      Իրավիճակային վերլուծություն. 4

1.1.     ՄԻԱՎ վարակիիրավիճակը ՀՀ-ում 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում. 4

1.2.     ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում, 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում. 4

1.3.     ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում ՝ 2024թ 5

1.4.     ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2024թթ 5

1.5.     ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի. 11

II.         ՄԻԱՎ/ՁԻԱՀ և բնակչության տարբեր խմբեր. 13

2.1. ԻԿՎ հետազոտություն. 13

2.2. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում (ՀՀ քաղաքացիներ) 14

2.3. Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրային աշխատանքներ. 14

III.       ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայություններ. 16

3.1.     ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն. 16

3.2.     Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում. 18

3.3.     ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն. 19

3.4.     ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժում և բուժման մոնիթորինգ. 19

3.5.     Օպորտունիստական վարակներ. 19

3.6.     Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում. 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱՆ

առողջապահության նախարարություն

ԱՌԾ

ազգային ռազմավարական ծրագիր

ԱՎԵԽ

առավել վտանգի ենթարկվող խումբ

ԳՀ

Գլոբալ հիմնադրամ

ԹՆՕ

թմրամիջոցների ներարկային օգտագործող

ԻԱԻՄ

Իրական աշխարհ, իրական մարդիք

ԻԿՎՀ

ինտեգրված կենսաբանական և վարքագծային հետազոտություն

ԿՍԿ

կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կին

ՀՀ

Հայաստանի Հանրապետություն

ՀՌՎ

հակառետրովիրուսային

ՁԻԱՀ

ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ

ՄԻԱՎ

մարդու իմունային անբավարարության վիրուս

ՆԿԿ

նախակոնտակտային կանխարգելում

ՆՍ ՄՀԿ

Նոր սերունդ մարդասիրական հասարակական կազմակերպություն

ՎԾ

վիրուսային ծանրաբեռնվածություն

ՏԲ

տուբերկուլոզ

ՏԳ

տրանսգենդեր

ՏՍՏ

տղամարդկանց հետ սեռական կապ ունեցող տղամարդիկ

ՔԿՀ

քրեակատարողական հիմնարկ

ՕՎ

Օպորտունիստական վարակներ

 

 

    1. ՄԻԱՎ վարակիիրավիճակը ՀՀ-ում 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում

 

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում ստացված տվյալների վերլուծության արդյունքում 1988թ և մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի  6158 դեպք` ներառյալ 0-14 տարեկանների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի 88 դեպք (1,4%): ՄԻԱՎ վարակ ունեցողներից 2785-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, որից 47-ը (1,7%) 0-14 տարեկանների շրջանում: 1988-2024թթ գրանցվել է մահվան 1374 դեպք, որից 12-ը (0,9%)  0-14 տարեկանների շրջանում:

ՀՀ-ում մեծահասակ բնակչության (15-49 տարեկան) շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 0,4% է: ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկային թիվը կազմում է 6300: 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների թիվը 4784 է։ Միևնույն ժամանակահատվածում բուժման մեջ է գտնվում 3823 ՀՀ քաղաքացի։ 2024թ ընթացքում վիրուսային ծանրաբեռնվածության (ՎԾ) վերաբերյալ հետազոտվել է 3121 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի, և նրանցից 2681-ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ (0-1000)։

Այսպիսով, 2024թ վերջի դրությամբ, ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը կունենա հետևյալ պատկերը՝ 76%-80%-86%:

 

    1. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում, 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների շրջանում

 

    1988թ մինչև 2024թ դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 443 դեպք։ Մեկ տարվա ընթացքում գրանցված նոր դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերը կազմում են 1988-2024թթ արձանագրված բոլոր դեպքերի կեսից ավելին (55,3%)։ 2022-2023թթ օտարերկրացիների ակտիվ ներգաղթով պայմանավորված, երկրում արձանագրվել են առավելագույն թվով նոր դեպքեր։ Գծապատկեր 1-ում ներկայացված է ՀՀ-ում օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների։

Գծապատկեր 1. ՀՀ-ում Օտարերկրացիների շրջանում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերն ըստ գրանցման տարիների 2015-2024թթ

 

1988-2024թթ ՄԻԱՎ-ով ապրող օտարերկրյա քաղաքացիների շրջանում ախտորոշվել է 117 ՁԻԱՀ-ի, գրանցվել է 34 մահվան դեպք: 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ բուժում է ստացել 141 օտարերկրյա քաղաքացի։ ՀՌՎ բուժում ստացողների մեջ օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը ավելացել է` 2021 թվականի վերջի դրությամբ 1,7%-ից` 2024 թվականի վերջին հասնելով` 3,6%:

2024թ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում օտարերկրացիների շրջանում իրականացված հետազոտությունների թիվը նույնպես աճել է 2021թ համեմատ 40%-ով։

 

    1. ՄԻԱՎ վարակի իրավիճակը ՀՀ-ում ՝ 2024թ

2024թ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 544 դեպք, որից 396-ը՝ արական (73%), 148-ը՝ իգական (27%) սեռի շրջանում։ Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 4 դեպք։ Արձանագրվել է ՁԻԱՀ-ի 116 դեպք, որից 91-ը՝ արական (78%) և 25-ը՝ իգական (22%) սեռի շրջանում: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան 100 դեպք, որից 80-ը՝ արական (80%) և 20-ը՝ իգական (20%) սեռի շրջանում:

 

    1.  ՀՀ-ում հաստատված դեպքերի վերլուծություն՝ 1988-2024թթ

Գծապատկեր 2-ում ներկայացված է երկրում արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերն ըստ տարիների։ Դեպքերի դինամիկան ցույց է տալիս, որ արձանագրված բոլոր դեպքերի (6158 ՄԻԱՎ վարակի դեպք) մոտ կեսը (46%) գրանցվել է վերջին 6 տարիների ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում հայտնաբերված դեպքերի վերլուծությունը 100 000 բնակչի հաշվարկով 2024թ ցույց է տալիս 20%-ով հիվանդացության աճ 2019 թվականի համեմատ՝ 15-ից դառնալով 18։

 

Գծապատկեր 2. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերն ըստ գրանցման տարիների, 1988-2024թթ.

 

 

Գծապատկեր 3-ում ներկայացված են 1988-2024թթ արձանագրված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան բոլոր դեպքերը՝ բացարձակ արժեքներով։

Գծապատկեր 3. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերի բաշխումն՝ ըստ տարիների (2005-2024թթ)

 

 

Գծապատկեր 4-ում ներկայացված է արձանագրված մահվան դեպքերի և նրանց ունեցած ՁԻԱՀ ախտորոշումների պատմությունը՝ բացարձակ արժեքներով։

Գծապատկեր 4. ՀՀ-ում արձանագրված մահերի և ՁԻԱՀ-ից մահերի բաշխումն ըստ գրանցման տարիների (1988-2024թթ.)

ՀՀ-ում արձանագրված 6158 ՄԻԱՎ վարակի, 2785 ՁԻԱՀ-ի և 1374 մահվան դեպքերի սեռային բաշխվածության ուսումնասիրությունը (տե'ս Գծապատկեր 5) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ ՄԻԱՎ վարակի դեպքում այն կազմում է գրանցված դեպքերի շուրջ 69.9%-ը (4305 դեպք), ՁԻԱՀ ախտորոշում ունեցողների շրջանում 74,4% (2073 դեպք) և գրանցված մահվան դեպքերի 80,2% (1102 դեպք):

 

Գծապատկեր 5. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի և մահվան դեպքերն ըստ սեռի (1988-2024թթ)

 

ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի ցույց է տալիս, որ ՄԻԱՎ վարակ ախտորոշումների ընդհանուր կազմում գերակշռողն արական սեռի ներկայացուցիչներն են` 69.9%, իգական սեռը կազմում է 30.1% (գծապատկեր 6): Գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ տարիների և սեռերի ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին մեկ տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ սեռային բաշխվածությունն էական փոփոխության չի ենթարկվել։

Գծապատկեր 6. ՀՀ-ում արձանագրված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և գրանցման տարիների (2005-2024թթ)

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն ըստ տարիքային խմբերի և սեռի բաշխման ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դեպքերի մոտ կեսը` 48,3%-ը (2972 դեպք) ՄԻԱՎ վարակի ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում (տե'ս Գծապատկեր 7):

Գծապատկեր 7. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխումն ըստ սեռի և տարիքային խմբերի (1988-2024թթ)

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների (տե'ս Գծապատկեր 8) ցույց է տալիս, որ դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է, այն կազմում է 75,8%, որին հաջորդում է թմրամիջոցների ներարկային օգտագործումը՝ 14,1%, ապա հոմոսեքսուալ փոխանցման ուղին՝ 7,1%, ինչպես նաև համապատասխանաբար` մորից երեխային փոխանցումը՝ 1,3%, արյան միջոցով՝ 0,1 % և անհայտ՝ 1,6%։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, վերջին տարիներին դիտվել են փոխանցման ուղիների համամասնությունների որոշ փոփոխություններ, ինչի արդյունքում վերջին 6 տարիների ընթացքում գրանցված դեպքերի մեջ (2821 դեպք) հիմնական փոխանցման ուղիներն են՝ հետերոսեքսուալ՝ 81,4%, հոմոսեքսուալ՝ 10,5%, թմրամիջոցների ներարկային օգտագործում` 6,3%:  

 

Գծապատկեր 8. ՀՀ-ում ՄԻԱՎ հաստատված դեպքերն ըստ փոխանցման ուղիների (1988-2024թթ)

1988-2024թթ արձանագրված ՄԻԱՎ վարակի բոլոր դեպքերի վերլուծությունն ըստ փոխանցման ուղիների և սեռի (տե'ս գծապատկեր 9) ցույց է տալիս, որ տղամարդկանց կեսից ավելին (67%) վարակվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 20%-ը` թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով, 10%-ը՝ հոմոսեքսուալ ճանապարհով: Գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%):

 

Գծապատկեր 9. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի փոխանցման ուղիներն՝ ըստ սեռի (1988-2024թթ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես նշվեց, ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (2024թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 75.8%): Փոխանցման ուղիների ուսումնասիրությունն ըստ տարիների ցույց է տալիս, որ սկսած 2006թ.-ից նկատվում է փոխանցման հիմնական ուղիների փոփոխություն (տե'ս Գծապատկեր 10): Մինչև 2005թ.-ը ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներարկային օգտագործումը, այնուհետև գրանցված դեպքերի գերակշիռ մասի (56%) փոխանցման ուղին հետերոսեքսուալ է։ Սկսած 2018թ.-ից նկատվում է հոմոսեքսուալ փոխանցման ուղու աճ և թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղին երկրորդ տեղը զիջում է հոմոսեքսուալ փոխանցման ուղուն, կազմելով տարեկան գրանցված դեպքերի 11%-ը։

Գծապատկեր 10. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի հիմնական փոխանցման ուղիները՝ 2004-2024թթ

 

 

Յուրաքանչյուր տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ վարակման հավանական վայրերի բաշխվածության դինամիկան ցույց է տալիս, որ վերջին տարիներին 1 տարվա ընթացքում գրանցված դեպքերի մեջ ավելանում են ՀՀ-ում վարակման դեպքերը։ 2019թ գրանցված դեպքերի 46,9%-ի վարակման հավանական վայրը ՀՀ-ն է։ Ցուցանիշը աճել է 2024թ` հասնելով 62,3%-ի։ Ընդհանուր դեպքերի 6%-ի (345 դեպք) վարակման հավանական վայրը եղել է անհայտ։

 

Գծապատկեր 11. ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ի դեպքերի վարակման հավանական վայրերն՝ ըստ տարիների, 2010–2024թթ.

 

 

 

    1. ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերն՝ ըստ ՀՀ մարզերի

 

ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս, որ տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 301, որին հաջորդում են Լոռու (274) և Գեղարքունիքի (250) մարզերը (տես Գծապատկեր 12): ՄԻԱՎ վարակի դեպքերի բացարձակ թվով առավելագույն ցուցանիշը  արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 1754 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի մոտ 1/3-ը։ ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բացարձակ թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 718 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 11,7%-ը:

 

 

 

 

 

Գծապատկեր 12. ՄԻԱՎ վարակի հարաբերական դեպքերի բաշխումն ըստ ՀՀ մարզերի (1988-2024թթ)

 

 

Իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրողների հաշվարկը 100 000 բնակչի հաշվով ցույց է տալիս նույն տարածվածությունը՝ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է` 235, որին հաջորդում են Լոռին  (211) և Գեղարքունիքի (206) մարզերը։

 

 

 

 

2.1. ԻԿՎ հետազոտություն

2021 թվականին ՀՀ ԱՆ ԻՀԱԿ-ի կողմից իրականացվել է թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ), կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց (ԿՍԿ), տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց (ՏՍՏ) և տրանսգենդեր անձանց (ՏԱ) շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ինտեգրված կենսաբանական և վարքագծային հետազոտություն (ԻԿՎՀ): Այդ հետազոտության հիմնական նպատակն է եղել Երևանում, Գյումրիում և Վանաձորում չորս հիմնական խմբերի շրջանում գնահատել ՄԻԱՎ-ի տարածվածությունը և սեռական կամ ներարկային ճանապարհով դրա փոխանցման ռիսկային վարքագիծը և գնահատել խոցելի խմբերի չափերը։

2021թ ԻԿՎՀ տվյալների համաձայն ՀՀ-ում խմբերի չափերը ազգային մակարդակով հետևյալն են.

  • ԿՍԿ՝ 8 140 (ընդհանուր իգական սեռի բնակչության 0.61%)
  • ՏՍՏ՝ 22 716 (ընդհանուր արական սեռի բնակչության 1.71%-ը)
  • ԹՆՕ՝ արական սեռի՝ 13 712 (ընդհանուր արական սեռի 1.03%-ը) և իգական սեռի՝ 398 (ընդհանուր իգական սեռի բնակչության 0.03%-ը)
  • ՏԳ՝ 1 015 (ընդհանուր արական սեռի բնակչության 0.08%-ը):

ՄԻԱՎ-ի ամենաբարձր տարածվածությունը եղել է ՏՍՏ-ների շրջանում (5.0%)։ Սա զգալի աճ է նախկինում իրականացված ԻԿՎ հետազոտությունների համեմատ (2018թ. 2.7%)։ ԹՆՕ-ների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը եղել է 2.6%, ՏԳ անձանց շրջանում՝ 2.5%, իսկ ԿՍԿ-ների շրջանում 0.2%:

Գծապատկեր 13-ում ներկայացված է խմբերում ՄԻԱՎ-ի տարածվածության ցուցանիշն ըստ հետազոտության անցկացման վայրերի։

Գծապատկեր 13. Քաղաքներում ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խմբերի շրջանում

 

 

 

 

2.2. ՄԻԱՎ վարակի կանխարգելման, բուժման և խնամքի հաջորդական փուլերի կասկադը խոցելի խմբերի շրջանում (ՀՀ քաղաքացիներ)

 

1988թ մինչև 2024 թվականի դեկտեմբեր 31-ը ՏՍՏ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 429 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ների թիվը կազմում է 409, նրանցից 334-ը (82%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2024թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 280 ՏՍՏ, որոնցից 249-ն (89%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988թ մինչև 2024 թվականի դեկտեմբեր 31-ը ԿՍԿ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 80 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԿՍԿ-ների թիվը կազմում է 71, նրանցից 46-ը (65%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2024թ. ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 39 ԿՍԿ, որոնցից 30-ն (77%)  ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988-2024թթ ԹՆՕ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 871 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ԹՆՕ-ների թիվը կազմում է 489, նրանցից 302-ը (62%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2024թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 231 ԹՆՕ, որոնցից 189-ն (82%) ունեցել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

1988-2024թթ ՏԱ-ների շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 9 դեպք։ Միևնույն ժամանակահատվածի վերջի դրությամբ իրենց կարգավիճակի մասին իմացող ՄԻԱՎ-ով ապրող ՏԱ-ների թիվը 8 է, նրանցից 8-ը (100%) գտնվել է ՀՌՎ բուժման մեջ։ 2024թ.-ին ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 5 ՏԱ և բոլորի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ:

 

2.3. Խոցելի խմբերի և միգրանտների շրջանում իրականացվող ծրագրային աշխատանքներ

 

ՄԻԱՎ-ի հայտնաբերում քաղաքաբնակ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում ԳՀ ծրագրի շրջանակներում 2020թ հուլիսից դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարվել է 2178 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է 20 դրական դեպք, որից հաստատվել է 17-ը։ 2021թ ընթացքում իրականացվել է 10455 թեստավորում, որի արդյունքում հաստատվել 63 ՄԻԱՎ դրական դեպք։ 2022թ ընթացքում իրականացվել է 13799 թեստավորում, որից հաստատվել՝ 49-ը։ 2023թ ընթացքում իրականացվել է 24160 թեստավորում, որից հաստատվել է 107-ը։ 2024թ ընթացքում իրականացվել է 25341 թեստավորում, որից հաստատվել է 105 -ը ։

2021-2024թթընթացքում ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի շրջանակներում ՏՍՏ-ների, ԿՍԿ-ների, ՏԱ-ների և ԹՆՕ-ների շրջանում իրականացված հետազոտությունների, հայտնաբերված, ԻՀԱԿ ուղղորդված և ԻՀԱԿ-ում հաստատված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ տարիների և խոցելի խմբերի ներկայացված է ստորև աղյուսակներում։

 

Աղյուuակ 1ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ՏՍՏ-ների շրջանում

Տարի

Թեստերի թիվ

Դրական

ԻՀԱԿ հասած

Հաստատված Նոր + Հին

Որից՝

Նոր

Հին

2021

8184

97

67

35

33

2

2022

8013

122

105

79

77

2

2023

8768

97

81

75

75

0

2024

9498

127

107

103

99

4

 

Աղյուuակ 2ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ԿՍԿ-ների շրջանում

Տարի

Թեստերի թիվ

Դրական

ԻՀԱԿ հասած

Հաստատված Նոր + Հին

Որից՝

Նոր

Հին

2021

3893

23

17

8

7

1

2022

3201

29

22

11

10

1

2023

3500

32

25

22

22

0

2024

3843

27

21

20

18

2

 

Աղյուuակ 3ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ՏԱ-ների շրջանում

Տարի

Թեստերի թիվ

Դրական

ԻՀԱԿ հասած

Հաստատված Նոր + Հին

Որից՝

Նոր

Հին

2021

111

2

2

2

2

0

2022

233

3

3

3

2

1

2023

91

2

2

2

2

0

2024

135

4

4

4

3

1

 

Աղյուuակ 4ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր ԹՆՕ-ների շրջանում

Տարի

Թեստերի թիվ

Դրական

ԻՀԱԿ հասած

Հաստատված Նոր + Հին

Որից՝

Նոր

Հին

2021

4993

28

23

15

10

5

2022

5555

42

36

32

27

5

2023

5340

26

23

21

20

1

2024

6149

41

31

27

26

1

 

Գծապատկեր 14-ում ներկայացված է 2020-2024թթ ծրագրային հետազոտությունների մեջ խոցելի խմբերի համամասնությունները, ինչը ցույց է տալիս, որ ծրագրային հետազոտությունների մեջ խոցելի խմբերից ՏՍՏ-ների համամասնությունը ավելանում է, պայմանավորված խմբի չափերով և ծառայությունների պահանջարկով։

 

Գծապատկեր 14 2020-2024թթ ծրագրային հետազոտությունների մեջ խոցելի խմբերի համամասնություններ

 

 

 

 

    1. ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն

 

2024 թվականի ընթացքում ԻՀԱԿ-ի կողմից ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին տրամադրվում է մեթոդական և գործնական օգնություն, տեխնիկական աջակցություն, պարբերաբար կատարվում է դրանց գործունեության որակի արտաքին հսկողություն: Իրականացվել են այցեր 99 բժշկական կազմակերպությունների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կատարող լաբորատորիաներ՝ որակի հսկողություն իրականացնելու և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Վերջին տարիներին աճել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության ծավալները (Գծապատկեր 15):

 

 

 

Գծապատկեր 15. ՀՀ-ում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների թիվը, 2019-2024թթ.

 

Գծապատկեր 16-ում ներկայացված է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտած ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, որը գրեթե անփոփոխ է (2019-2024թթ)։ 2024թ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել է 154,505 քաղաքացի, այդ թվում՝ 100,702 կին (65%)։ Հետազոտված կանանց 45,8%-ը (46,095 կին) հետազոտվել է հղիության ընթացքում։

 

Գծապատկեր 16. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիների սեռային բաշխվածությունը, 2019-2024թթ

 

 

Գծապատկեր 17-ում ներկայացված է ՀՀ լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների բաշխվածությունն ըստ հետազոտման պատճառների։ Տվյալները ցույց են տալիս, որ հետազոտությունների 44,9%-ն իրականացվում է կլինիկական ցուցումներով մեծահասակների շրջանում։

 

Գծապատկեր 17. 2024թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտված ՀՀ քաղաքացիներն ըստ հետազոտման պատճառների

Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ իրականացվում են նաև տարբեր սքրինինգային միջոցառումների շրջանակներում՝  շարժական կլինիկաների միջոցով, մարզային բուժհաստատություններում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և հանրային միջոցառումների, խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ կանխարգելման ծրագրերի և ՔԿՀ-ներում սքրինինգային ծրագրերի միջոցով։

Վերջին տարիներին երկրում իրականացված հետազոտությունների ընդհանուր  թիվը ներկայացվում է ստորև Գծապատկեր 18-ում։

 

    1. Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում

2024 թվականին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման աշխատանքների շրջանակներում ՀՀ-ում հղիության ընթացքում առաջին անգամ հետազոտվել է 34 143 (34 066 ՀՀ քաղաքացի և 77 օտարերկրյա քաղաքացի) հղի, որոնցից 23 ՀՀ քաղաքացու մոտ հաստատվել է ՄԻԱՎ դրական կարգավիճակ, բոլորը կցվել են ՀՌՎ բուժմանը։ Տարվա ընթացքում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում ստացել է 63 հղի (62 ՀՀ և 1 օտարերկրյա քաղաքացի)։ 2024 թվականին ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր 55 երեխաները ստացել են ՄԻԱՎ-ի կանխարգելիչ բուժում և կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի հայտնաբերման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով և բոլորի մոտ եղել է բացասական։

    1.  ՄԻԱՎ վարակի ախտորոշում և դիսպանսերային հսկողություն

 

ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշում կատարվում է ԻՀԱԿ-ում, որտեղ գտնվում է երկրի միակ ռեֆերենս լաբորատորիան: 2024 թվականի ընթացքում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 544 նոր դեպք ՀՀ քաղաքացիների և 54 նոր դեպք օտարերկրյա քաղաքացիների շրջանում։ 2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ դիսպանսերային հսկողության մեջ գտնվել է 4644 ՀՀ քաղաքացի։

    1. ՄԻԱՎ վարակի բուժում և բուժման մոնիթորինգ

 

2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 3823 ՀՀ և 141 օտարերկյա քաղաքացի։ ՀՌՎ բուժման 1-ին շարքի սխեմայի դեղորայք է ստացել 3602 ՀՀ (36 երեխա՝ 0-14տ և 3566 մեծահասակ) և 139 օտարերկյա քաղաքացի: 2-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 212 ՀՀ (6 երեխա՝ 0-14տ և 206 մեծահասակ) և 2  օտարերկյա քաղաքացի: 3-րդ շարքի սխեմայի դեղորայք է ստացել 9 ՀՀ քաղաքացի (1 երեխա՝ 0-14տ և 8 մեծահասակ)։ Տարեվերջին բուժման մեջ գտնվող պացիենտների 94%-ը ստանում է DTG և TDF պարունակող սխեմաներ։

2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրող 4784 ՀՀ քաղաքացիներից ՀՌՎ բուժման մեջ է գտնվել 3823-ը, որոնցից 3001-ի (78,5%) ՎԾ վերաբերյալ վերջին հետազոտությունը իրականացվել է 2024 թվականի ընթացքում։

2024 թվականի ընթացքում ՎԾ վերաբերյալ հետազոտվել է 3121 ՄԻԱՎ-ով ապրող, որոնցից 3001-ն է տարեվերջին գտնվել ՀՌՎ բուժման մեջ։ Հետազոտվածների 86%--ի մոտ գրանցվել է վիրուսի չհայտնաբերվող մակարդակ։

 

    1. Օպորտունիստական վարակներ

2024թ դեկտեմբերի 31-ի դրությամբ 553 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ կանխարգելում, որից 84-ը 2024թ հաշվառված դեպքեր են,  142 ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացի ստացել է ՕՎ բուժում, որից 111-ը 2024թ հաստատված դեպքեր են։

ՄԻԱՎ-ով ապրողների շրջանում պարբերաբար կատարվում է ՏԲ-ի նկատմամբ կարգավիճակի գնահատում և իզոնիազիդով առնվազն 6 ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում (ԻԿԲ), ինչը կանխարգելում է ակտիվ ՏԲ-ի զարգացումը և հնարավորություն է տալիս նվազեցնել ՄԻԱՎ-ասոցացված ՏԲ-ից մահացության ցուցանիշը։ 2024թ իզոնիազիդով ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ստացել է 232 ՀՀ քաղաքացի։

 

    1. Նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում

2024թ 81 անձ ստացել է նախակոնտակտային կանխարգելում, բոլորի  դեպքում էլ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանական ուղին հոմոսեքսուալ ճանապարհն է։ Նախակոնտակտային կանխարգելում ստացածներից 21-ը հանդիսացել են օտարերկրա քաղաքացիներ։ Հետկոնտակտային կանխարգելում ստացել է 104 անձ, այդ թվում՝ 92 ոչ մասնագիտական և 12 մասնագիտական։ Հետկոնտակտային կանխարգելում ստացածներից 27-ը հանդիսացել են օտարերկրա քաղաքացիներ։

 

 

 

 

Կարող եք բաեռնել ֆայլը